27.04.2019 

Խաղ 8 | Միսակ Մարկոսյան, ոստիկանության փոխգնդապետ Երևանից 

Այրվածք դեմքի շրջանում,
ոտքի վրա կանգնելու անկարողություն,
տարիքին անհամապատասխան զգացողություն,
ակտիվ արցունք արտադրություն,
թեթևության զգացողություն: 

Հարց
Ո՞վ է բարձրաձայնել իր մոտ այս բոլոր նշանների արտահայտման մասին, և երբ էին ի հայտ գալիս այդ նշանները: 

Պատասխան
Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,
Հայաստան ասելիս աչքերս լցվում են,
Հայաստան ասելիս թևերս բացվում են..

Այդ ամենի մասին իր բանաստեղծության մեջ բարձրաձայնել է Համո Սահյանը, իսկ այդ նշաններն իր մոտ ի հայտ էին գալիս Հայաստան ասելիս:



20.04.2019

Խաղ 7 | Վահե Տոնոյան, տնտեսագետ Երևանից 

Արևելյան հեքիաթներից մեկում խոսվում է մի մարդու մասին, որը չափազանց հարուստ էր:
Պատմելով նրա հսկայական կարողության մասին՝ հեքիաթի հեղինակը պնդում էր, որ հարուստն ուներ մեծ քանակությամբ ջորիներ, որոնցից երեք հարյուրը ամենևին էլ բեռնված չէին գանձերով, թեև գտնվում էին խիստ հսկողության տակ: 

Հարց
Իսկ ի՞նչ էին նրանք տեղափոխում: 

Պատասխան
Հեքիաթի հերոսն այնքան հարուստ էր, որ 30 ջորի էր պահանջվել նրա գանձարանների բանալիները տեղափոխելու համար:


Խաղ 6 | Ամատունի Կիրակոսյան, ուսուցիչ Մայիսյան գյուղից 

Դա նման է Մեդուզա Գորգոնային: Ով մեկ անգամ նայի նրա դեմքին, այլևս չի կարողանա աչքերը հեռացնել, քանի որ կմնա հմայված և գերված: Ով երբևէ զգացել է դրա արբեցնող հաճույքը և ազդեցությունը, այլևս ունակ չէ հրաժարվել դրանից: 

Հարց
Ինչի՞ մասին է այսպես արտահայտվել ավստրիացի գրող Ստեֆան Ցվեյգը: 

Պատասխան
Դա նման է Մեդուզա Գորգոնային: Ով մեկ անգամ նայի նրա դեմքին, այլևս չի կարողանա աչքերը հեռացնել, քանի որ կմնա հմայված և գերված: Ով երբևէ զգացել է դրա արբեցնող հաճույքը, այլևս ունակ չէ հրաժարվել դրանից:

Ստեֆան Ցվեյգն այսպես է արտահայտվել իշխանության մասին:

 

06.04.2019 
Խաղ 5 | Ժաննա Հունանյան, շուկայագետ Եղվարդից 

Դերասան Մարչելո Մաստրոյանին և ռեժիսոր  Ֆեդերիկո Ֆելլինին հաճախ էին զրուցում կանանց մասին: Ժամանակ առ ժամանակ ռեժիսորը նախանձով մեղադրում էր դերասանին, որ վերջինս երջանիկ է, որովհետև բոլոր կանայք նետվում են նրա գիրկը, սակայն Մարչելոն ժպտալով պատասխանում էր.  «Նրանք քեզ վրա են նետվում, բայց  դու …»

Հարց
Ինչպե՞ս է իր միտքն ավարտել սրամիտ Մարչելո Մաստրոյանին:

Պատասխան
Երբ Ֆեդերիկո Ֆելլինին Մարչելո Մաստրոյանիին մեղադրում էր, թե իբր կանայք վերջինիս ավելի շատ են սիրում, դերասանը հումորով պատասխանում էր.  «Ֆեդերիկո, նրանք նետվում են քեզ վրա, բայց դու նրանց չես բռնում և նրանք ընկնում են քո ոտքերի մոտ»:


30.03.2019 

Խաղ 4 | Անահիտ Հարությունյան, Երևան

Հարց
Ի՞նչն է իր բանաստեղծություններից մեկում Սիլվա Կապուտիկյանն անվանել «երկինք տանող խոսքի շարոց»:

Պատասխան
Իր բանաստեղծություններից մեկում Սիլվա Կապուտիկյանը «երկինք տանող խոսքի շարոց» է անվանել շարականը:

Մեկնաբանություն՝ Հոգևոր երգ, այլ կերպ ասած՝ խոսքերի շարք, որը մարդու խոսքը հասցնում է երկինք՝ Աստծուն:

 

22.03.2019 

Խաղ 3 | Անահիտ Վարդանյան, ուսանողուհի Այնթապ գյուղից 

Եվրոպական հեթիաքում վհուկը կախարդում է երեք աղջկա՝ վերածելով նրանց ծաղիկների: Ամեն գիշեր կախարդված աղջիկներից մեկը մարդու կերպարանք էր ընդունում և գնում էր տուն, իսկ առավոտյան վերադառնում էր դաշտ և կրկին վերածվում ծաղկի:

Մի օր առավոտյան նրանցից մեկն ասաց իր ամուսնուն. «Եթե այսօր, մինչև կեսօր, դու գաս դաշտ, ճանաչես ինձ ընկերուհիներիս միջից և քաղես, ես ընդմիշտ կվերածվեմ մարդու»:

Ամուսինը հենց այդպես էլ վարվեց:  

Հարց
Ինչպե՞ս ամուսնուն հաջողվեց տարբերել իր կնոջը երեք բացառապես միանման ծաղիկներից:

Պատասխան
Ամուսնուն հաջողվեց ճանաչել իր կնոջը, քանի որ վերջինս գիշերն անցկացրել էր տանը, և միայն այդ ծաղկի վրա չկար վաղորդյան ցող:

16.03.2019 

Խաղ 2 | Անի Խեչոյան, ծրագրավորող Երևանից 

Ամերիկացի ձեռնարկատեր Ռոբերտ Կիյոսակին գրում է. «Հարստության և կարողության միջև տարբերություն կա՝ հարուստը շատ փող ունի, իսկ ունևորը չի անհանգստանում դրա մասին: Հարստությունը չափվում է փողով»: 

Հարց
Ըստ Կիյոսակիի՝ ինչո՞վ է չափվում կարողությունը: 

Պատասխան
Ըստ Ռոբերտ Կիոսակիի՝ կարողությունը չափվում է ժամանակով: Կարողությունը ժամանակն է, որի ընթացքում մարդը կարող է ապրել իր խնայողություններով կամ եկամտի աղբյուրով՝ առանց սեփական կենսամակարդակը պակասեցնելու:

 

09.03.2019 

Խաղ 1 | Հովհաննես Սմոյան, նկարիչ Գյումրիից 

Ավստրիացի գրող Ստեֆան Ցվայգը ենթադրում էր, որ չկա ավելի հիմար զբաղմունք, քան այն նկարելն է: Իսկ անգլիացի բանաստեղծ Չարլզ Լեմը պնդում էր, որ այն երկար զննել՝ մենք ի վիճակի չենք:

Հարց 
Ի՞նչ կա սև արկղում: 

Պատասխան 
Անգլիացի բանաստեղծ Չարլզ Լեմը պնդում էր, որ մենք ի վիճակի չենք երկար զննել այն, ինչ գտնվում է սև արկղում:
Սև արկղը դատարկ է:
5.01.2019 

Խաղ 7 | Սյուզաննա Բոյաջյան, ուսանողուհի Երևանից

Կենդանաբանները պնդում են, որ առյուծներն ամենածույլ գիշատիչներն են:
Չլինելով քաղցած կամ ծարավ՝ նրանք երբեք որսի դուրս չեն գալիս:
Կա միայն երկու պատճառ, որոնք կարող են ստիպել կուշտ առյուծին տեղից շարժվել:
Առաջին պատճառը՝ վտանգն է:

Հարց
Իսկ ո՞րն է երկրորդ պատճառը: 

Պատասխան

Կա միայն երկու պատճառ, որոնք կարող են ստիպել կուշտ առյուծին տեղից շարժվել:
Առաջին պատճառը՝ վտանգն է:
Իսկ երկրորդը՝ կիզիչ արևը: 




08.12.2018 

Խաղ 3 | Վերա Լալայան, տնտեսագետ Երևանից 

Այս գովազդային պաստառը վերջերս թողարկել է BMW ընկերությունը: Դրա վրա գրված է. «Երբեք ուշ չէ մտափոխվել» և իհարկե, ընտրել BMW: Դրան ի պատասխան՝ Audi ընկերությունը BMW-ի պաստառի հարևանությամբ տեղադրել է ցուցանակ հետևյալ խոսքերով. «Մենք չենք դավաճանում այն բրենդին, որը հաղթում է»

Հարց
Ինչպե՞ս է, օգտագործելով իր հայտնի օղակները, Audi ընկերությունը կարողացել ժամանակակից կատակով ծաղրել BMW-ին: 

Պատասխան
Աուդիի օղակները լատիներեն Օ տառն են հիշեցնում, այնպես չէ՞:

Ի պատասխան BMW ընկերության գովազդային պաստառի՝ Audi ընկերությունը տեղադրել է   ցուցանակ հետևյալ խոսքերով. «Մենք չենք դավաճանում այն բրենդին, որը հաղթում է»:

Իսկ այդ գրության վերևում – օղակների երկու կողմից ավելացնելով լատիներեն L տառը, - Աուդի ընկերությունը պատկերել է՝ LOOOOL: LOL ինտերնետ-մեմը՝ որն անգլերեն laughing out loud – բարձրաձայն ծիծաղ արտահայտության հապավումն է: