«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ հեռուստախաղը Հայաստանում սկսել է նկարահանվել և եթեր հեռարձակվել 2002թ-ից: Առաջին նկարահանումները տեղի են ունեցել Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանի տարածքում։ Այսօր խաղերը նկարահանվում են «Արմենիա» հեռուստաընկերության տաղավարներում (2002-04 թթ. Երիտասարդական պալատ, 2004-05 թվականներին՝ Եղվարդի խճյուղի 1)։ Նախկինում եթեր էր հեռարձակվում 8 եթերաշրջան (յուրաքանչյուր եթերաշրջանը բաղկացած էր 7 խաղից՝ 6 ընտրական և մեկ եզրափակիչ)։ Խաղերի գլխավոր մրցանակն էր «Բյուրեղապակյա Բուն»։ Խաղերին մասնակցում էին ինչպես անվանի ռուս գիտակները՝ Ալեքսանդր Դրուզը, Մաքսիմ Պոտաշովը, Ֆյոդոր Դվինյատինը, Բորիս Բուրդան, Վիկտոր Սիդնևը, Ալեքսանդր Ռուբինը, Ալես Մուխինը, Իննա Դրուզը, Իլյա Նովիկովը, այնպես էլ հայ գիտակներ Տիգրան Մաղաքյանը, Տիգրան Քոչարյանը, Սամվել Խաչատրյանը, Լևոն Գրիգորյանը, Նորա Ալանակյանը, Անուշ Տիգրանյանը, Գարիկ Բալյանը, Սուրեն Մանուկյանը, Շանթ Գրիգորյանը, Արմեն Աստվածատրյանը, Լևոն Նիկողոսյանը, Կարեն Սարգսյանը, Արմեն Մկրտչյանը, Վահե Տեր-Մինասյանը, Վահան Քալայջյանը, Իրինա Ոպյանը, Ռոբերտ Թաթոյանը, Մարգարիտա Ջաղացպանյանը և այլոք։

2005թ. ֆինանսական պատճառներով հեռուստախաղի նկարահանումները ժամանակավորապես դադարեցվեցին։

2010 թ. մարտից «Արմենիա» հեռուստաընկերության եթերում վերսկսվեցին «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի նկարահանումները: Խաղը եթեր է հեռարձակվում տարեկան երեք եթերաշրջանով (գարնանային, աշնանային, ձմեռային)։ Յուրաքանչյուր եթերաշրջանը բաղկացած է 8 խաղից՝ 5 ընտրական խաղ, 2 ոչ մրցութային խաղ և մեկ եզրափակիչ։ Սկսած 2010 թվականից հեռուստախաղի գլխավոր մրցանակը «Մարմարե Արծիվն»-ն է։ Խաղը հեռարձակվում է 116 երկրում, արդյունքում աշխարհի տարբեր երկրներում (ԱՄՆ, Կանադա, Ռուսաստան, Հոլանդիա, Ֆրանսիա, Հունաստան) գործում են գիտակների Ֆան ակումբներ: Այսօր առավել մեծ ժողովրդականություն են վայելում Արման Աբովյանի, Գարիկ Բալյանի, Հայկ Ղազազյանի, Տիգրան Քոչարյանի թիմերը:

Խաղի իրավունքները Հայաստանում պատկանում են Փի Արտ ընկերությանը:
Հաղորդման պրոդյուսեր և վարող՝ Փի Արտ ընկերության տնօրեն Կարեն Քոչարյան